28/08/2025
ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ «ԾԻԾԵՌՆԱԿ» ՃԱՄԲԱՐԸ ԱՎԱՐՏԵՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԻՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
«Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի» նշանաբանով այս տարի ևս Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» մանկապատանեկան ճամբարը օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի՝ հաջողությամբ իրականացրեց մանուկների հանգստյան, կազդուրման և կրթադաստիարակչական իր գործունեությունը:
2002 թվականից ի վեր «Ծիծեռնակ» ճամբարը նույն ոգևորությամբ և սիրով է շարունակում իր հայրենանվեր, նվիրյալ առաքելությունը:
Ճամբարն այս տարի ևս իր հյուրընկալ գիրկն ընդունեց հարյուրավոր երեխաների Հայաստանի տարբեր անկյուններից՝ ապահովելով վերջիններիս հետաքրքիր, օգտաբեր ու կազդուրիչ ամառային հանգիստը:
Ճամբարում իրենց հանգիստն են անցկացրել նաև ուսանողական և երիտասարդական խմբեր ու կազմակերպություններ:
«Ծիծեռնակ» ճամբարի կարևորագույն նպատակներից է լավագույնս ապահովել ճամբարականների հագեցած և օգտակար առօրյան:
Ճամբարականները մշտապես առիթ են ունեցել մասնակցելու թատերական ներկայացումների, կրկեսային միջոցառումների, վարպետաց դասերի, առաջին բուժօգնության դասընթացների, և ուկնդրել «Վարդանանց հետնորդներ» փողային նվագախմբի համերգները:
Ճամբարի յուրաքանչյուր հերթափոխ առանձնահատուկ կերպով է անցկացրել իր հանգիստը, սակայն ճամբարի կողմից մշակված սկզբունքներն ու հագեցած օրակարգը եղել է բոլոր հերթափոխերի հիմքը և արդյունավետ աշխատանքի գրավականը:
«Ծիծեռնակ» ճամբարը կշարունակի առաջիկայում ևս ավելի շենանալ և գեղեցկանալ ու ընդունել մեր սիրասուն մանուկներին ու երիտասարդներին: