19/03/2023
ԴՍԵՂ, ԹԵ՞ ԶԱՐԻՆՋԱ
Դսեղ գյուղը հիմնադրվել է դեռևս մեր թվարկությունից առաջ, ինչը վկայում են գիտական հիմնավորումներ ունեցող շատ տվյալներ և բազմաթիվ հավաստի աղբյուրներ։ Դեբեդի ավազանի ուսումնասիրությունները վկայում են, որ Դսեղում մարդն ապրել է դեռևս քարեդարյան վաղ փուլերից: Դսեղ անվանումը նշանակում է դուրս տեղ, այսինքն`առանձնացված տեղ: Ըստ ավանդազրույցների` ձորի գյուղերից տարբերելու համար գյուղը կոչել են Դրսի գեղ կամ Դսեղ: Շատ մարդիկ, նաև Սերո Խանզադյանը կարծում են, որ Դսեղը Զարինջա անունով մեծ քաղաք է եղել: Սակայն 12-13-րդ դարերի վանքերի ու մատուռների 60-ից ավել խաչքարերի վերծանումից վիմագրություններում չի հանդիպում ոչ Դսեղ,և ոչ էլ Զարինջա անվանումը և եթե եղել է Զարինջա անունը, ապա մինչ 13-րդ դարը, քանի որ 13-րդ դարից գյուղն արդեն անվանվել է Դսեղ: Դսեղ գյուղը գտնվում է Լոռու մարզում: Լոռվա մարզն իր մեջ ընդգրկում է Լոռու սարահարթը, Դեբեդ գետի հովիտը, հյուսիսից շրջապատված է Վիրահայոց, հարավից ` Բազումի, արևմուտքից` Ջավախքի, արևելքից` Գուգարաց լեռնաշղթաներով: Այստեղ հոսում են Դեբեդ, Ձորագետ, Փամբակ, Աղստև գետերը: Լոռին հայտնի է իր հարուստ անտառներով ու գեղատեսիլ բնությամբ։ Դսեղ գյուղի բարձրությունը ծովի մակարդակից 1250-1350 մ է: Գյուղի տարածքում կան բազմաթիվ արժեքավոր խաչքարեր, մատուռներ, եկեղեցիներ: Գյուղում կա չորս եկեղեցի։ Ամենամեծ եկեղեցին 13-րդ դարի Բարձրաքաշ Սբ. Գրիգոր եկեղեցին է, որը կառուցվել է Մամիկոնյանների տոհմի կողմից։ Գյուղն ունի հին մեծ գերեզմանատուն, որտեղ 645 թվականին կառուցված փոքր միանավ եկեղեցու ավերակներըն են։ Դեբեդի ձորում է գտնվում Քառասնից Մանկաց եկեղեցին, որի վրա թողված արձանագրությունը վկայում է, որ այն օծել է Հաղպատի վանքի վանահայր Համազասպը 1256 թվականին։ Գյուղի տարածքում կա չորս մատուռ, որոնցից կանգուն են Սբ. Սարգիս և Դդի գլխի Բալա Գիքորի կառուցած մատուռները։ Թումանյանի տուն թանգարանի հարևանությամբ գտնվում է գյուղի գործող եկեղեցին։ Շինության սկզբնական մնացած մասերը վերագրվում են 7-րդ դարին։ Գյուղի տարածքում կան նաև քարանձավներ որոնք օգտագործվել են մարդկանց կողմից հնագույն ժամանակներից որպես կացարան։ Դրանցից են «Դռնավոր էրը», Ծակ քարը և Ձորագես իջնելու Մուտի աջ կողմի ցածր քարայրը, որտեղ կան մարդու հարմարեցման հետքեր։ Ծովաքար սարի ստորոտում է գտնվում «Ծովեր» կոչվող գեղեցիկ լիճը, որ ընկած է գյուղից հարավ արևելք։